Եթե Ադրբեջանը շարունակի ոտնձգությունները և պատերազմը, Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը.
«Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում հանրապետության նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, և եթե շարունակվի այդ ոտնձգությունը և այդ պատերազմը, մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին։ Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հայաստանի վարչապետը։ Ինչո՞ւ է ուշանում Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը, և հնարավո՞ր է, որ չստորագրվի՝ հարցին Աբրահամյանը պատասխանեց. «Չի ուշանում, քննարկման նախապատրաստական փուլում է»։ Հովիկ Աբրահամյանը նոր է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ղարաբաղի կառավարության անդամների և նախագահ Բակո Սահակյանի հետ։ Վարչապետը եղել է առաջնագծում։ «Կարող եմ ասել, որ սկսած մեր զինվորներից, սպաներից, գեներալներից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչներից, պատգամավորներից, բոլորի մոտ շատ հստակ բարձր վստահություն կար մեր ապագա հաղթանակների համար։ Դա մեզ նաև ոգևորեց»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Հաղթանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, ասել էր՝ «ցույց տվեք փաստաթղթեր, որ վաճառում է», «Կրկին վաճառել չի նշանակում, որ վաճառում է»։
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դեսպանի հայտարարությունը, վարչապետը պատասխանեց. «Այդ փաստաթղթերի հետ կապված ես ի՞նչ արձագանքեմ։ Մեր նպատակը, մեր ցանկությունը, որպես ռազմավարական գործընկեր, մի քանի հարթակներից հայտնել ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, ուղղակի մենք հիմա զբաղված ենք մեր երկու կարևոր գործով՝ տնտեսության զարգացում, որից որ պետք է ածանցվի մեր ապագա բոլոր հաջողությունները, դրանով ենք զբաղված և որոշ քայլեր ենք ձեռնարկում, վաղը կառավարության նիստից առաջ ես հանդես կգամ հայտարարությամբ»։